BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Գլուխ հանողը թող գլուխ էլ գովի

Գլուխ հանողը թող  գլուխ էլ գովի
26.09.2014 | 11:39

Ֆուտբոլի գրեթե միաժամանակ մեկնարկած եվրոպական գերտերությունների առաջնություններում ինչ-ինչ, բայց հետաքրքրության պակաս չկա: Վերելքով անցկացված խաղերին հաջորդած դժգույններն ամեն ինչ տեսած մարզասերին պիտի որ անակնկալի առաջ չկանգնեցնեն (սա, որպես բարի կամքի դրսևորում, հատկապես եմ նշում գրավառու գրասենյակներում խաղադրույքներ անելու մոլուցքով տառապողների համար), բայց երբեմն լինում են բաներ, որոնք մարսելը, մեր մեջ ասած, ոչ թե դժվար է, այլ չափազանց դժվար:

Զորօրինակ, իսպանական առաջնությունից ու ընդհանրապես եվրոպական բարձր մակարդակի խաղարկություններից բոլորիս քաջածանոթ «Բարսելոնը»: Նախորդ՝ «Լևանտեի» հետ խաղում գոլերի մի ամբողջ հրավառություն (պիտի որ մոռացած չլինեք 5:0 հաշիվը) ու դրանից անմիջապես հետո մի այնպիսի մեծամիտ անհոգություն «Մալագայի» հետ հանդիպումում, գնդակի հետ վարվելու մի այնպիսի անփություն, որ լեզուդ բերանումդ չի էլ պտտվում ասելու, թե այդ զրոյական ոչ-ոքին վերջնահաշվում ում ակտիվում համարես: Չէ որ «Մալագան» գոհ պիտի մնա, դրանում կասկած չկա, բայց որ ծայր անհրաժեշտության պահին կատալոնյան ակումբը կարող է և գլխին տալ կորցրած միավորների համար, սա էլ նույնքան ռեալություն կարող է լինել: Իհարկե, եղածն ավելի քան ուրախալի է Մադրիդի «Ռեալի» համար, որը կատալոնական ակումբից արդեն չորս միավորի հեռավորության վրա է, թեպետ այդ կարճ տարածքի վրա «Բարսելոնի» պես տասներեք միավոր վաստակած «Սևիլիա» կա (1:0 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսիեդադին»), նրանց ընդամենը երկու միավորով զիջող Մադրիդի «Աթլետիկո» կա (նույն հաշվով արտագնա խաղում հաղթել է «Ալմերիային), էլ չեմ խոսում «Վալենսիայից», որը տուրի բաց թողած հանդիպումը հաղթական ավարտելու դեպքում առաջնությունում եռիշխանություն կհաստատի:
Պակաս հետաքրքիր զարգացումներ չեն և բունդեսլիգայում: Նախորդ տուրում իր, «Մայնցի», «Հոֆենհայմի» հետ նույն հարթությունում գտնվող «Պադերբոռնին» 4:0 հաշվով հաղթելուց հետո «Բավարիան» նրան միանգամից մղեց յոթերորդ հորիզոնական, սակայն ամբողջ հարցն այն է, որ, անգամ այստեղ հայտնվելով, առաջնության նորեկը մեկ աստիճանով ավելի բարձր է կանգնած Դորտմունդի «Բորուսիայից», որը, մրցակցին թույլ տալով գոլեր խփել, հետագայում փորձում է հերոսաբար վերադարձնել կորցրածը: Թիմի հետ նման մի բան հերթական անգամ եղավ աղյուսակի նախավերջին հորիզոնականում գտնվող «Շտուտգարդի» հետ հանդիպումում (1:1)՝ այն էլ, ոչ ավելի-ոչ պակաս, սեփական հարկի տակ, տան պայմաններում: Թե այսպես մինչ ե՞րբ ու ինչքա՞ն, դժվար է պատասխանել, որովհետև, համոզված եմ, իրենց եփած ճաշերից Կլոպն էլ մի կարգին գլուխ չի հանում: Անկեղծ ասած` սույնից իմ ունեցած նեղանձնական տագնապը մեր տղայի` Հենրիխ Մխիթարյանի համար է, ով, ի դեպ, վնասվածքի պատճառով բաց էր թողել հանդիպումը: Բունդեսլիգայում երկրորդ ու երրորդ հորիզոնականներում նույն 1:0 հաշվով «Աուգսբուրգին» ու «Քյոլնին» հաղթած «Բայերն» ու «Հանովերն» են տասական միավորով:
Քանի որ անգլիական պրեմիեր լիգայում ակումբները գավաթային խաղերով էին զբաղված (այդ մասին զրույցը կանենք առանձին), անցնենք Իտալիայի առաջնությանը, որտեղ աղյուսակը գլխավորող «Յուվենտուսը» (երեք անպատասխան գնդակ է անցկացրել «Չեզենայի» դարպասը և «Ռոման» (արտագնայում 2:1 հաշվով հաղթել է «Պարմային»)՝ զբաղված են հերթական մրցակիցներին ճզմելով ու սիամական երկվորյակների պես չորս խաղից հետո բացարձակ արդյունքով թառել են աղյուսակի վերին երկու հորիզոնականին: ՈՒթական միավորով նրանց հաջորդում են «Ինտերը», «Սամպդորիան», «Վերոնան»:
Եվ, վերջապես, Ֆրանսիայի առաջնությունը: Հյուրընկալվելիս «Ռեյմսին» 5:0 հաշվով հաղթած «Մարսելը» շարունակում է մնալ առաջատար՝ ակտիվում ունենալով տասնվեց միավոր: Դարձյա՞լ կմիանան նրան «Բորդոն» ու «Սենտ Էտիենը», հայտնի կդառնա այն բանից հետո, երբ կանցկացնեն տուրի հանդիպումները: Հասկանալի է, որ այդ միացման համար հարկ է, որ նրանք էլ իրենց հանդիպումները հաղթանակով ամրագրեն:
Անգլիայի գավաթի խաղարկությունում անակնկալների պակաս չեղավ: Իհարկե դրանցից բոլորին չենք անդրադառնա (թիմերը նոր-նոր են անցնում մեկ ութերորդի փուլ), բայց եղածներն էլ չես ասի, թե ներկայացվելու կարիք չունեն: Այսպես, «Մանչեստր Սիթին» «Շեֆիլդ Յունայթեդի» հետ մի ամբողջ խաղակես «հերոսաբար» խաղում է ոչ-ոքի` 0:0, երկրորդում վերցնում ու պարզապես գնդակահարում է մրցակցին: Բա յոթ անպատասխան գնդակով հաղթելը եթե գնդակահարություն չէ, ի՞նչ է:
Ընդհանրապես պիտի նկատել, որ այստեղի գավաթային խաղերն անցան բուռն դրամատիզմի պայմաններում, իսկ գագաթնակետն անկասկած եղավ «Լիվերպուլ»-«Միդլսբրո» հանդիպումը: Այս խաղի մասին թերևս արժե ավելի մանրամասն խոսել: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Լրացուցիչում կողմերը ևս մեկական գոլ փոխանակեցին: Ընդ որում` հյուրերը դա արեցին 123-րդ րոպեին: Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ մարզասերի մինչ այդ տեսածն ընդամենը փոքրիկ նախամուտք էր կրքերի ավելի հզոր, աներևակայելի բախումների: Հետխաղյա տասնմեկմետրանոցները թվով… քսանութն էին, ու փաստորեն թիմերի կազմում մարդ չեղավ, որ չմոտեցավ տասնմեկմետրանոցի նշանակետին: Ի վերջո վճռորոշ եղավ Ալբերտ Ադոմի վրիպումը, ինչն էլ մերսիսայդցիներին հնարավորություն տվեց անցնելու հաջորդ փուլ: Այս գերլարված հանդիպման մասին տեղեկությունը ավարտենք նրանով, որ «Լիվերպուլի» կազմում առաջին գոլի հեղինակ է դարձել տասնյոթամյա Ժորդան Ռոսիտերը, ում մեծ ապագա է գուշակվում: Մասնագետները նույնիսկ նրան համեմատում են անգլիական ֆուտբոլի լեգենդներից մեկի` Սթիվեն Ջերարդի հետ:
Գավաթի համար պայքարն ակնհայտորեն չէր արժևորել Լոնդոնի «Արսենալը»: ՈՒրիշ ինչպես հասկանալ թիմի առանցքային խաղացողներից միանգամից հինգի` Շենսնիի, Կոսելինիի, Օզիլի, Արտետայի և ՈՒելբեկի բացակայությունը, ովքեր անգամ փոխարինողների նստարանին տեղ չէին գտել, իսկ մրցակիցը «Սաուտհեմպտոնն» էր, ում հետ չես կատակի անգամ լիդերներին դաշտ հանելով: Արդյունքն այն եղավ, որ Արսեն Վենգերի թիմը, պատկերավոր ասած, գնաց «ուղղիչ աշխատանքային գաղութ», իսկ մրցակիցը հաջորդ փուլում (գուցեև փուլերում) քիչ արյուն դեռ չի պղտորի: Վերջում վիճակագրության սիրահարների համար նշենք, որ պայքարը շարունակողների մեջ են «Էվերտոնը», «Դերբի Քաունտին», «Շրուսբերի Թաունը», «Սթոք Սիթին», «Բոռնմուտը», «Միլտոնը», «Լեյտոն Օրիենտը», «Չելսին», «Նյուքասլը», «Վեստ Բրոմվիչը», «Նոթինգհեմը», «Բրայտոնը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ